Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի կազմակերպած քննարկման ժամանակ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն անդրադարձավ հետխորհրդային տարածքում տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես՝ ՈՒկրաինայի դեպքերին: Ըստ նրա՝ ՈՒկրաինան իր պայքարով հաստատում է եվրոպական իր կարգավիճակը:
«Հայաստանում շատ կան վերլուծաբաններ, որոնք փորձում են ինտենսիվ կերպով զուգահեռներ անցկացնել Ղրիմի և Լեռնային Ղարաբաղի միջև՝ փորձելով դրանով արդարացնել Հայաստանի լռությունը և փորձելով դրանով ցույց տալ, որ դրանով մենք քաղաքական պրոցեսներին մեր մասնակցությունը պետք է հասցնենք, այսպես կոչված, դիվանագիտական լռության աստիճանի: Բայց, ցավոք, դա հնարավոր չէ: Հետխորհրդային տարածքում տարածքային խնդիրները լուծվում են տարբեր կերպ: Եվ երբ փորձում են Ղարաբաղ-Կոսովո զուգահեռը տանել, մենք պետք է հասկանանք, որ հետխորհրդային տարածքը երբևէ չի դադարել լինել ռեժիմային տարածք»,- հայտարարեց Անուշ Սեդրակյանը: Նա նշեց, որ Ռուսաստանի քաղաքականությունը հարվածում է հենց ՌԴ-ի տնտեսությանը և ներքաղաքական կայունությանը:
Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ առաջին անգամ միջազգային դաշտում սկսել է կատարվել ոչ մաքուր փողերի վերահսկողություն: Ըստ Անուշ Սեդրակյանի՝ շորթված գումարների, ոչ մաքուր փողերի ներդրման արևելյան մոդելի դեմ ընդվզում է ՈՒկրաինան: ՈՒկրաինայի նախկին նախագահ Վ. Յանուկովիչի կերպարը նա համեմատեց ռեժիմային կիսադիկտատորի, Մոսկվայի կողմից վերահսկվող և պահպանվող կիսադիկտատորի կերպարի հետ:
Անուշ Սեդրակյանը նշեց, որ Ռուսաստանն անցել է բացահայտ ագրեսիայի, և այդ ագրեսիան հանգեցնում է միջազգային մեկուսացմանը: ՌԴ-ն, ըստ նրա, նպատակային մեկուսացվում է. ընդ որում՝ ՌԴ-ի քայլերը հանգեցնում են նրա դիվանագիտական մեկուսացմանը: Իսկ ՌԴ-ի դիվանագիտական մեկուսացման հետևանքով կարող են մեկուսանալ նաև Մաքսային միության անդամ երկրները, այդ թվում՝ նաև Հայաստանը:
Անուշ Սեդրակյանն ասաց, թե դա է պատճառը, որ Ղազախստանի և Բելառուսի ղեկավարները որդեգրել են ոչ ամենևին ռուսամետ դիրքորոշում:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահը եզրակացնում է, որ բոլոր բռնապետական ռեժիմները 21-րդ դարում ենթակա են փլուզման: Նա նշեց, որ Հայաստանի խնդիրն է՝ չմնալ փլուզվող կայսրության փլատակների տակ և չենթարկվել միջազգային մեկուսացման:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ